Պատերազմ, որ չկա, բայց կա
25.02.2020 | 00:57
ՈՒ մինչ մենք խրվել ենք ներքաղաքական օրակարգում և հանրաքվեի «այո»-ից ու «ոչ»-ից դուրս ոչինչ չենք տեսնում, աշխարհում կատարվում են իրադարձություններ, որ ինչ-որ պահից վերաբերելու են մեզ: ՈՒղղակի և անուղղակի: Աշխարհաքաղաքական փոփոխությունները այնքան արագ են, որ այսօրվա իրավիճակը վաղը փոխված է լինում, և այնուամենայնիվ, քանի օր է՝ ակնհայտ է, որ Սիրիայում միմյանց դեմ կռվում են Թուրքիան ու Ռուսաստանը:
Փաստացի՝ մեղրամիսն ավարտվեց դեֆակտո պատերազմով, թեպետ դեյուրե կողմերից ոչ մեկը չի ընդունում պատերազմի փաստը: Մինչև Իդլիբի դեպքերը Էրդողանին հաջողվել է Պուտինի հետ համաձայնության գալ, ու նա հույս ուներ, որ հիմա էլ Պուտինը ազատ գործելու հնարավորություն կտա: Բայց իրավիճակ է փոխվել: Նախ՝ Թուրքիայի նախագահը երկար ստում էր՝ խոստանալով, որ Իդլիբում կուտակված ջիհադականներին կամ կտարհանի, կամ կզինաթափի, ինչպես Էրդողանը, Ռոհանին, Պուտինը պայմանավորվել էին Աստանայում: Էրդողանը խոստումը չկատարեց: Հակառակ հայտարարությունների, որ Անկարան հարգում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը, Էրդողանը մտել է հարևան երկիր և չի ցանկանում դուրս բերել զորքերն ու սպառազինությունը: Բացի այն, որ Կիևում Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան երբեք չի ճանաչի Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին ու իր ուշադրության կենտրոնում կպահի թաթարների հարցը, Էրդողանը նաև դիմել է ԱՄՆ-ին՝ խնդրելով «Պետրիոտ» զենիթահրթիռային երկու համակարգեր տեղակայել Թուրքիայի հարավում: Համակարգերը պետք են Իդլիբում հարձակման համար: Էրդողանը փորձով համոզվել է, որ մարտական գործողությունները՝ առանց ավիացիայի աջակցության, ձախողվում են: Ճիշտ է, նա հայտարարում է, որ Բաշար Ասադի կառավարական զորքերի դեմ կռվում են ոչ թե թուրքական բանակը, այլ սիրիացի ընդդիմադիրները, բայց ընդունում է, որ զոհվել են թուրքական բանակի զինվորներ ու սպառնում է մեկի դեմ 100-ից վրեժ լուծել: Նույնիսկ ուլտիմատում է տվել Պուտինին՝ եթե Ասադը մինչև փետրվարի վերջ չհեռանա Իդլիբից, կվերսկսի «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը: Ոչ Պուտինը, ոչ Ասադը, բնականաբար, ուլտիմատումը չեն ընդունել: Ավելին՝ Ասադը հայտարարել է, որ մինչև վերջին զինվորը Իդլիբը մաքրվելու է անկոչ հյուրերից, իմա՝ թուրքերից: Անկարան փորձեց նաև ՆԱՏՕ-ն ներքաշել Սիրիայի պատերազմի մեջ, բայց ստացավ սոսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հայտարարությունը, որ ռազմական գործողությունները Իդլիբում պետք է դադարեցվեն: Չի շտապում պատերազմի մեջ ներքաշվել և Դոնալդ Թրամփը: 2020-ի նոյեմբերին ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են, հանուն Էրդողանի ամբիցիաների Թրամփը չի պատրաստվում զոհաբերել վերընտրությունը: Եթե Թուրքիան օդ բարձրացնի F-16-ները Իդլիբում, բախվելու է ոչ միայն Բաշար Ասադի բանակի կործանիչներին, այլև ռուսական: Համենայն դեպս, Սիրիան հայտարարել է, որ հակաօդային պաշտպանությունը կոչնչացնի ցանկացած ինքնաթիռ, որը կխախտի երկրի օդային տարածքը: ՈՒրեմն հազիվ թե ԱՄՆ-ը նոր «Պետրիոտներ» տա Անկարային: Առավել ևս, երբ հակառակ բոլոր հորդորների, Էրդողանը գնեց ռուսական C-400-ները: Թուրքիայի տարածքում կան «Պետրիոտներ», բայց գտնվում են ԱՄՆ ռազմաբազաներում, և Էրդողանը փորձում է ստանալ համակարգերը՝ ԱՄՆ զինվորականների հետ, Սիրիայի սահմանի Խաթայ քաղաք տեղափոխելու համաձայնությունը՝ իբր պաշտպանության համար:
Ամեն ինչ սկսվեց հունվարի 7-ից, երբ Սիրիայի կառավարական բանակը հարձակման անցավ Իդլիբի նահանգում՝ ռուսական ու իրանական զինուժի աջակցությամբ: Ասադի բանակին հաջողվեց ազատել Հալեպի հարակից շրջանները և իր վերահսկողության տակ վերցնել Մ-5 մայրուղին, որ միացնում է Հալեպ-Դամասկոս-Լաթաքիա քաղաքները: Իդլիբի ազատագրումը քաղաքականից բացի տնտեսական անգնահատելի նշանակություն ունի: Հաջողության դեպքում Բաշար Ասադի բանակին կհաջողվի վերականգնել ամբողջ երկրում տրանսպորտային հաղորդակցությունը: Մ-4 և Մ-5 մայրուղիները ռազմավարական կարևորություն ունեն ոչ միայն իբրև ավտոմայրուղի, այլև ճանապարհ դեպի Միջերկրական ու փաստացի՝ էներգակիրների ճանապարհ: Հենց նույն պատճառով է Էրդողանը ձգտում ամրապնդվել Իդլիբում, որտեղ հավաքվել են 2011-ից Բաշար Ասադի դեմ կռվող ապստամբներն ու ջիհադականները:
Իդլիբն Անկարան համարում է իր ազդեցության գոտի: 2016-ից թուրքական բանակը 3 ռազմական գործողություն է իրականացրել Սիրիայի հյուսիսում, բայց ոչ մեկը Բաշար Ասադի դեմ չի եղել: Իդլիբում կուտակվել են Ասադին ընդդիմադիր խմբավորումները, որոնց տարիներով սպառազինել, ֆինանսավորել, բուժել ու զինավարժել է Թուրքիան: Եթե հիմա Էրդողանը լքի յուրայիններին, որ օգնել են քրդերի դեմ պայքարում, նրան չեն հասկանա ոչ Թուրքիայում, ոչ ջիհադականները: Նրանց մի մասին Էրդողանը «արտահանել է» Լիբիա՝ Ֆայեզ Սարաջին օգնության՝ Խալիֆա Խաֆթարի դեմ կռվելու համար: Սիրիային զուգահեռ Էրդողանը փորձում է ապակայունացնել իրավիճակը Լիբիայում: Շատ փորձագետներ համարում են, որ Սիրիայում Էրդողանը լուծում է ներքաղաքական խնդիրներ: Թուրքիայի տնտեսությունը ճգնաժամի մեջ է, արտադրությունը կրճատվել է մի քանի ոլորտներում: Ինֆլյացիան շատ բարձր է: Այս պայմաններում Էրդողանը տնտեսությունից հանած գումարները հատկացրել է բանակի վերազինմանն ու նոր զինատեսակներ գնելուն: Ստամբուլում ու Անկարայում քաղաքապետի ընտրությունները տանուլ տալուց հետո երկրից դուրս ռազմական գործողությունները թուրքերին համախմբելու ու ԱԶԿ-ի վարկանիշը՝ արտաքին թշնամու սպառնալիքի առաջ, բարձրացնելու շանս են: Անցած օրերին Թուրքիայի նախագահը տասնյակ հայտարարություններ է արել Իդլիբի ճգնաժամի թեմայով, հիմնականում՝ սպառնալից: Բոլոր ուղղություններով: Բացի ջիհադականներից՝ Իդլիբի նահանգում 3,5 միլիոն փախստականներ կան, ու Էրդողանը, ինչպես պատերազմի ամբողջ ընթացքում, նրանց օգտագործում է իբրև շանտաժի միջոց Եվրոպային՝ սպառնալով փախստականների նոր հոսքով:
Մոսկվայում ու Անկարայում բանակցություններն ավարտվել են առանց համաձայնությունների: Պուտին-Էրդողան հանդիպում չի կայանում, հեռախոսազրույցները արդյունք չեն տալիս: Առաջադրվել են բանակցությունների մի քանի ձևաչափեր՝ Պուտին-Ռոհանի-Էրդողան, Պուտին-Էրդողան-Մակրոն-Մերկել: Բայց հանդիպումները հնարավոր են միայն մարտին: Խորհրդարանական ընտրություններով, հիմա նաև կորոնավիրուսի տարածումով պայմանավորված՝ Իրանն առժամանակ ակտիվ չի մասնակցում իրադարձությունների զարգացումներին: Մի քանի հեռախոսազրույցներ Էրդողանի ու Պուտինի հետ ունեցել են Էմանուել Մակրոնն ու Անգելա Մերկելը: Անկարան բոլոր ձևաչափերից նախընտրում է Պուտին-Էրդողան հանդիպումը, Պուտինը չի շտապում ու չի շտապի, քանի դեռ մարտերը չեն ավարտվել: Բոլոր դեպքերում որևէ ձևաչափով հանդիպման օրակարգում Մոսկվան չի դնի միայն Իդլիբի հարցը, այլ՝ Սիրիայի քաղաքական կարգավորման, Ասադին ճանաչելու իբրև երկրի նախագահ, որին Էրդողանը կտրականապես դեմ է, Լիբիայի կոնֆլիկտի կարգավորման, քրդերի ճակատագրի ու Սիրիայի վերականգնման: Մոսկվան չի կարող ու չի ցանկանում Էրդողանին թողնել Մ-4 և Մ-5 մայրուղիները, Ասադը՝ առավել ևս: Ապառազմականացված գոտիների պաշտպանության անհրաժեշտության Էրդողանի պնդումներին կարճ պատասխանել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ «Իրավիճակ է փոխվել», նկատի ունենալով, որ Էրդողանը չի կատարել Աստանայի պայմանավորվածությունները: «Պայքարը մեզ հեշտ չի տրվում, մենք զոհեր ունենք։ Մենք բախվում ենք նոր թակարդների»՝ անցյալ շաբաթ հայտարարել էր Էրդողանը՝ ընդգծելով՝ Անկարան մտադիր չէ «ենթարկվել գլոբալ տերությունների սցենարներին», Սիրիայում ու Լիբիայում Թուրքիայի գործողությունները թելադրված են ազգային շահերով։ Ո՞րն է Էրդողանի «ազգային շահը» Իդլիբում: Նա ուզում է փոխել ժողովրդագրական պատկերը՝ վերաբնակեցնել թուրքոմաններին ու թույլ չտալ քրդական ինքնավարության ստեղծումը Սիրիայի հյուսիսում՝ իր սահմանին: Իդլիբը նրան պետք է մշտական անկայունություն ապահովելու համար Սիրիայում՝ պահելու զինված խմբեր ու նրանց պարբերաբար մեկ քրդերի դեմ, մեկ Լիբիա՝ Տրիպոլիի կառավարությանն աջակցելու ուղարկելու համար: Էրդողանն ասում է, որ Ասադի բանակի գրոհի դեպքում Իդլիբից փախստականների զանգվածային հոսք կսկսվի Թուրքիա, այնտեղից էլ Եվրոպա: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան ու Գերմանիան կոչ են անում անհապաղ հրադադար հաստատել, վերսկսել քաղաքական երկխոսությունը: Մակրոնը մեղադրել է ԱՄՆ-ին՝ Սիրիայից դուրս գալու համար, որի պատճառով իրավիճակը Իդլիբում մնաց Ռուսաստանի ու Թուրքիայի ձեռքում: Մոսկվային հետաքրքրում են իր 2 ռազմաբազաները Սիրիայում: Էրդողանի ծրագրերը հարված են Պուտինի հեղինակությանը ոչ միայն Սիրիայում ու Մերձավոր Արևելքում, այլև Ռուսաստանում: Թուրքիան Մոսկվային անհրաժեշտ էր ՆԱՏՕ-ում պառակտում մտցնելու համար, բայց Պուտինը համոզվել է քանիցս, որ Էրդողանը երկակի խաղ է խաղում և մտադիր չէ ՆԱՏՕ-ից հեռանալ, այս պայմաններում վիրտուալ է դառնում Թուրքիային միջուկային զենք տալը, որ այդպես ուզում է Էրդողանը: Պուտինը չի կարող անտեսել Սիրիայի ու Իրանի դիրքորոշումը, որ դեմ են Թուրքիայի Իդլիբում մնալուն: Ապացույցը՝ ռուսական օդուժի հարվածներն էին թուրքական տանկերին, որից հետո Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարեց, որ հնարավոր ամեն ինչ արվում է ռուսական ու թուրքական զորքերի բախումը կանխելու համար: ՈՒշացած հայտարարություն, երբ Էրդողանը կատարվածն արդեն անվանել էր «պատերազմ»: Կիրակի օրը ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Վերշինինը ասաց, որ Սիրիայի բանակը մասնակիորեն ազատագրել է ապառազմականացված գոտին Իդլիբ նահանգում, դեֆակտո գոտին գտնվում է կառավարական ուժերի վերահսկողության տակ, բայց նրանց խնդիրն է կանգնեցնել ահաբեկչական գրոհները, ոչ թե դուրս գալ սահման: Ահա այսպիսի «պատերազմ», որի ավարտը տոն կլինի Դամասկոսում, բայց ոչ Անկարայում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Այս ընթացքում կորոնավիրուսը հասավ Իրան: Քուվեյթն ու Թուրքիան փակել են Իրանի հետ սահմանը: Հայաստանը միայն երեկ որոշեց երկու շաբաթով սահմանը փակել: Իրանում ՀՀ դեսպանատունը դադարեցրել է հյուպատոսական ծառայությունները: Կորոնավիրուսով վարակված հիվանդը 14 օր կարող է ոչ մի ախտանիշ չունենալ, բայց վարակակիր լինել՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դա գիտի, բայց առաջնորդվում է չին պաշտոնյաների արատավոր սկզբունքով՝ խուճապ չտարածել: Երբ Չինաստանից դուրս կորոնավիրուսը արդեն շրջում է ամբողջ աշխարհում, ՀՀ առողջապահության նախարարը պարտավոր է տեղեկացնել՝ ի՞նչ է արվել վարակը կանխելու, իսկ տարածման դեպքում բուժելու համար՝ բացի Ռուսաստանից մի քանի ախտորոշիչ թեստ ստանալը: Հայաստանը Չինաստան չէ, որ մի քանի օրում մի քանի հիվանդանոց կառուցի ու հիվանդներին կարողանա ամեն ինչով ապահովել՝ բուժման համար: Ծխախոտի դեմ պայքարը կարելի է առժամանակ դադարեցնել ու զբաղվել շատ ավելի վտանգավոր հիվանդությամբ, որի բուժման միջոց փաստացի չկա: Սեզոնային գրիպների տարածումն արդեն իսկ չափազանց շատ է: Կորոնավիրուսը Հայաստանի դեպքում կդառնա ազգային անվտանգության խնդիր: Եվ ոչ միայն առողջապահության նախարարությունը, Ազգային անվտանգության խորհուրդը պետք է արդեն ծրագիր ունենար ու ներկայացներ հանրությանը՝ ի՞նչ է արվում կորոնավիրուսի մուտքը Հայաստան կանխելու համար՝ բացի օդանավակայանում ջերմություն չափելն ու տուն ուղարկելը, և ի՞նչ է արվել հիվանդության դեպքերի գրանցման դեպքում՝ պատրաստվածության համար՝ հիվանդանոցի առանձնացում, բուժանձնակազմի վերապատրաստում, դեղամիջոցներ… Ոչինչ, որ մեկ ամիս ոմանք գուցե պարգևավճարներից զրկվեն՝ այս դեպքում ֆինանսական ծախսերը տեղին ու անհրաժեշտ են: Առողջություն ձեզ:
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ